Հայկական ծիրանը՝ մեղրով, կոնյակով և սուլուգունի պանրով

Դժվարհաղթահարելի շոգերի հետ վրա է հասել նաև հայկական քաղցրահամ մրգերի լավագույն ժամանակը: Եվ, ահա, մոսկովյան բարձրակարգ ռեստորաններից մեկի՝ «Gayane's»-ի ռեստորատոր, բրենդ - շեֆ հայազգի Գայանե Բրեիովան new art-ի գուրման ընթերցողներին է առաջարկում հեղինակային մատուցմամբ ամառային համեղ աղցան՝ հայկական ծիրանը (անհրաժեշտության պարագայում ծիրանը կարելի է փոխարինել նաև տանձով) տապակած մեղրի և կոնյակի մեջ՝ սուլուգունի պանրով:
Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ է ունենալ՝ հայկական կանաչիներ՝ խառը տեսակի - 30 գ, ձևավոր հազար - 10 գ, ծիրան - 125 գ, սուլուգունի պանիր- 120 գ, շաքարավազ - 10 գ, կարագ - 40 գ, չաման - 2 գ, կոնյակ (հուսով ենք ձեր ընտրությունը կանգ կառնի «Արարատ» կոնյակի վրա) - 30 մլ, թթից պատրաստված դոշաբի օշարակ - 5 գ:
Աղցանը պատրաստելու համար հարկավոր է կտրատել կանաչեղենը, նախընտրաբար՝ ծիտրոն, թարխուն, ռեհան, սամիթ, կոտեմ, ավելացնել ձեռքով մանրացված ձևավոր հազարը և տեղավորել մատուցվող ափսեի մեջ: Նախապես լավ տաքացրած թավային ավելացնել շաքարավազը և կարագի օգնությամբ ոսկեգույն օշարակ (կարամել) պատրաստել:
Ստացված օշարակին (կարելի է օգտագործել նաև քիչ ջուր) ավելացնել երկու մասի բաժանված ծիրաններն ու տապակել ոչ ավել, քան 2 րոպե, որից հետո ստացված զանգվածին ավելացնել կոնյակը:
Տապակած ծիրաններն անհրաժեշտ է տեղափոխել մատուցվող ափսեի մեջ՝ կտրատված կանաչեղենի վրա, հավասարաչափ ավելացնելով թավայի օշարակը:
Տապակային զուգահեռ հանդարտ կրակի վրա մոտավորապես 5 րոպե խորովել խորանադրդաձև կտրատված, չամանի մեջ թաթախված սուլուգունի պանիրը: Պատրաստ լինելուց հետո պանիրն ավելացնել աղցանին:
Նախքան մատուցելն աղցանը հարկավոր է ցողել դոշաբի օշարակով:
Բարի ախորժակ :)
Լուսանկարները՝ Գայանե Բրեիովայի ֆեյսբուքյան էջից