Թամանյանը կամուրջ է գցում երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը. Արտաշես Հովսեփյան

Նվիրվում է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հիշատակին
1960-ականներին էր, սովորում էի Լենինգրադում՝ Րեպինի անվան ակադեմիայում: Այդ տարիներին Հայաստանում մրցույթ հայտարարվեց` Թամանյանի ու Մարքսի արձանների պատրաստման համար: Երկուսն էլ ես հաղթեցի: Ինձ առաջարկեցին շարունակել ուսումս Լենինգրադի ակադեմիայի ասպիրանտուրայում, բայց ասացի՝ չեմ կարող, պետք է վերադառնամ ու աշխատեմ:
Հիշում եմ՝ հենց այդ ժամանակաշրջանում մի քանի տարի շարունակ արգելվեց քանդակել հայ գործիչների արձանները: Ես կարողացա անել միայն Մարքսի կիսանդրին, որ կարծեմ այսօր գտնվում է Պոլիտեխնիկ ինստիտուտի առջև: Միայն տարիներ անց, եթե չեմ սխալվում՝ յոթը տարի հետո թույլ տվեցին հայ գործիչների արձաններ քանդակել: Ինձ կանչեցին Կենտկոմ ու հանձնարարեցին քանդակել Թամանյանի արձանը: Եթե չեմ սխալվում, Թամանյանի տարեդարձի նախօրյակին պետք է պատրաստ լիներ, բայց մինչ այդ ժամկետը ընդամենը հինգ – վեց ամիս կար ու ես հրաժարվեցի:
Ջիմ Թորոսյանը կարողացավ ինձ համոզել, որ սկսեմ աշխատել Թամանյանի արձանի վրա: Մոտ 4 տարի աշխատել եմ: Ինչ անում էի` չէի հավանում, դուրս չէր գալիս, ուսանողներիս ասում էի՝ քանդեն մանրակերտերը: Վերջապես լուծումը գտա՝ կլասիցիզմի ոճում:
Երբ աշխատում էի արձանի վրա, Լենինգրադից մի երիտասարդ ճարտարապետ եկավ, հանդիպեցինք, տեսավ արձանը: Հարցրեց երեք քարերի մասին, որոնց վրա հենվել է Թամանյանը: Բացատրեցի, որ ձախ կողմի քարը հին ճարտարապետությունն է, աջը` նոր ժամանակաշրջանի խորհրդանիշը, իսկ մեծագույն ճարտարապետ Թամանյանը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը:
Ալ. Թամանյանի հուշարձանը տեղադրվել է 1974 թվականին:
Լուսանկարի հեղինակ՝ Գերման Ավագյան