Հոբելյանական Կաննը՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում

Ֆրանսիական Լազուրի ափին մայիսի 17-28-ն ընթացող Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնն այս տարի կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում: Այս մասին հայտնի է դարձել Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարի՝ «France Bleu Azur» ռադիոկայանի հետ զրույցում. «Անվտանգության միջոցառումների ուժեղացման առումով այս տարի մենք ստիպված ենք եղել լուրջ քայլի դիմել, քանի որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքը շարունակում է մնալ բարձր ռիսկային գոտում: Մենք չենք մոռացել անցյալ տարի Նիսում տեղի ունեցած ցավալի ահաբեկչությունը, երբ 31-ամյա թունիսցին բեռնատարով մխրճվեց անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությանը հետևող մարդկանց բազմության մեջ: Այնուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, ուստի փառատոնին սպասվող հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն», - տեղեկացրել է քաղաքապետ Լիսնարը, հավելելով, որ այս տարի փառատոնի անցկացման ողջ ընթացքում փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ, բացի այդ փողոցներում հերթապահելու են տասնյակ կամավորներ, որոնք այդ օրերին կդառնան իրավապահ մարմինների «աչքերն ու ականջները»: Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ հատուկ Կաննի կինոփառատոնի առիթով մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կտեղակայվեն տեսադիտարկման 550¬ից ավելի խցիկներ, որոնք թույլ կտան լիովին վերահսկելու քաղաքի իրադրությունը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փառատոնի կազմակերպիչներն արդեն իսկ ազդարարել են են աշխարհի ամենահեղինակավոր կինոստուգատեսներից մեկի վերջին նախապատրաստական աշխատանքների ավարտվելու մասին լուրը, միաժամանակ հավաստիացնելով, որ, չնայած ավտանգության ուժեղացված միջոցառումներին, կարվի հնարավոր ամեն բան՝ պահպանելու միջոցառումների բնականոն ընթացքը: