Մեծ Հայք. 360°
2017-06-26 12:03 new art

Մեծ Հայք. 360°

այիսի 16-ից հունիսի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները:

Ucom և «360°Armenia» ընկերությունները նախագիծը կյանքի են կոչել դեռևս անցյալ տարի՝ նպատակ ունենալով պարզել ի՞նչ գիտեն սերունդները մեր պատմական հայրենիքի մասին, կորուսված գանձերից որո՞նք են դեռ պահպանված և ի՞նչ վիճակում են դրանք այժմ, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Մուշի, Վանի, Սասունի, Ուրֆայի և այլ հայտնի բնակավայրերի ճարտարապետական կառույցները և այլն: Նկարահանող խումբը 360 աստիճան պատկերի օգնությամբ արձանագրել է մայր հայրենիքի կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները:

Ցուցահանդեսի բացմանը ներկա ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծանոթանալով Արևմտյան Հայաստանի հուշարձաններով վիրտուալ տուրի հնարավորություններին՝ նկատում է. «Դժբախտաբար և´ Թուրքիայում, և´ Ադրբեջանում պահպանության տեսանկյունից հայկական հուշարձանները հայտնվել են շատ վտանգավոր գոտում։ Ամեն վայրկյան բարբարոսները ավերում ու ոչնչացնում են դրանք։ Սակայն նման տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս լիովին պատկերացում կազմել մեր ժառանգության մասին, ինչն արդեն դրական միտում է: Հուշարձաների պահպանության խնդիրը եղել և շարունակում է մնալ մեր պետության գերխնդիրներից մեկը, հետևաբար հույս ունեմ, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի»:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ ներկայացնելով նախագիծը, ընդգծում է՝ «Մեծ Հայք. 360°»-ի շրջանակում ավելի քան 40 հուշարձան է ներկայացված. «Մենք մեծ կարևորություն ենք տալիս Թուրքիայի տարածքում հատնաբերված պատմամշակութային հուշարձանների թվային տիրույթին։ Շատ պարզ միջոց է՝ թվային տարբերակով տեսնել, թե իրականում ինչպիսի՞ հուշարձաններ, ամրոցներ կան և որքանո՞վ են դրանք պահպանվել վերջին հարյուր տարվա ընթացքում։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք նաև, որ բազմաթիվ հուշարձաններ փոփոխվում են ու դառնում այլ երկրի սեփականություն։ Դրանք արժեքներ են, որոնք մենք պետք է պահպանենք: Համոզված լինելով, որ դժվարին, իսկ երբեմն նաև կյանքի համար վտանգավոր պայմաններում հավաքագրված ամբողջ նյութը կարող է անհրաժեշտ լինել գիտական վերլուծությունների, ուսումնասիրությունների, պատմական արխիվների համար, «Ucom» ընկերությունը հպարտությամբ է նախաձեռնել այս արշավը»։

«Virtual reality 360°» ծրագիրը հատուկ ակնոցների միջոցով հնարավորություն է տալիս հայտնվել վիրտուալ իրականության մեջ: Խմբի արված լուսանկարները կարելի է նույն ծրագրի միջոցով ունենալ նաև հեռախոսի մեջ` անվճար ներբեռնելով 360° Great Armenia հավելվածը: Ձեռք բերելով նաև համապատասխան ակնոցներ, կթվա, թե գտնվում եք Արևմտյան Հայաստանում կամ Կիլիկիայի թագավորության տարածքում: Այն ունի գործառույթներ, որոնք հնարավորություն կտան քայլ անել առաջ, շրջվել, ինչպես նաև տեղեկություններ ստանալ տվյալ տարածքի մասին:

Նախագծի հովանավորն ու աջակիցը «Ucom» ընկերությունն է:

Լուսանկարները՝ new art-ի

Яндекс.Метрика