Մի հետաքրքիր պատմություն պատմեմ «Տարվա եղանակները» ֆիլմի նկարահանումներից.Արտավազդ Փելեշյան

«Մի հետաքրքիր պատմություն պատմեմ «Տարվա եղանակները» ֆիլմի նկարահանումներից: Խմբի ադմինիստրատորին և օպերատորին գործուղել էինք Գյուղմինիստրություն, որ իմանան, թե Հայաստանում քաղաքակրթությունից հեռու ի՞նչ գյուղ կա, որտեղ պահպանվել են հին և նոր ավանդույթները: Մեզ պատմեցին Զանգեզուրի ձորում գտնվող մի գյուղի մասին: 1930-ական թվականներին Սովետական Միությունն իմացավ, որ այդպիսի գյուղ կա, գյուղն էլ իր հերթին իմացավ, որ արդեն սովետական կարգեր են: Որոշեցինք գնալ: Մի կերպ գտանք ճանապարհը: «Վոլգա» մեքենայով էինք: Գյուղը ձորի մեջ էր, ուներ 10-12 տուն: Վարորդին առաջարկեցինք ոտքով իջնել, բայց ասաց՝ չէ, կտանեմ: Ճանապարհին մեքենայի մասերը կոտրվեցին, այդպես մեքենայի կմախքով հասանք տեղ: Հասանք ու Թումանյանի հեքիաթների նման՝ տեսանք մի գյուղ: Երեք ծերունի էին նստած կրակի շուրջ և օղի էին պատրաստում` քարահունջ: Զարմացան մեքենայի վրա: Բարևեցինք, հարցրեցին` ի՞նչ կա էս կողմերում, ինչո՞ւ ենք եկել: Ասացինք` կինո ենք ուզում նկարել: Այստեղ էլ զարմացան, թե՝ կինոն ի՞նչ է: Մեզ դա արդեն հետաքրքիր էր:
Կինոյի ոլորտում կան բառեր, որ նեղ մասնագիտական են, ինչպես օրինակ՝ «массовка»-ն՝ բավական մեծ ամբոխ, որտեղ դերասանների դեմքերը չեն երևում: Այստեղ նկարահանված մարդկանց վճարում էին 3 ռուբլի: Կան նաև «էպիզոդներ», որտեղ մարդկանց ավելի փոքր խումբ է նկարահանվում: Այստեղ արդեն երևում են դեմքերն ու սա արժե 7 ռուբլի 50 կոպեք: Նկարեցինք այդ մարդկանց: Երբ եկավ վճարման ժամը ֆիլմի տնօրենը հանեց ցուցակներն ու սկսեց անուն-ազգանունով հատ – հատ լրացնել: Գյուղի ծերուկներից մեկը մոտեցավ ներկայանալու՝ թե բա. «Ես էպիզոդնիկ եմ…» Երբեմն պատահում է, որ հիշում եմ այդ մարդկանց»…
Հատված Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպում-երեկոյից
«Մոսկվա» կինոթատրոն, հուլիս 2015